ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Լռության գինը

Լռության գինը
18.07.2008 | 00:00

Հայաստանի մարզիկներից առաջինը օլիմպիական խաղերին մասնակցելու ցանկալի ուղեգիրը նվաճեց հրաձիգ, միջազգային կարգի սպորտի վարպետ ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԸ։
Ծնվել է 1970 թ. նոյեմբերի 1-ին, Երևանում։ Հրաձգությամբ զբաղվում է 1984 թվականից։ Հայաստանի վաստակավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի սանը 2005-2007 թվականների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր է, 2004 թ. աշխարհի գավաթի խաղարկության երկու փուլերի հաղթող ու աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչի արծաթե մեդալակիր։ Աթենքի օլիմպիական խաղերում երևանցի նշանառուն հանդես եկավ ատրճանակի երկու վարժություններում և համապատասխանաբար գրավեց 4-րդ և 7-րդ տեղերը։ Սա, անշուշտ շատ բարձր, միջազգային չափանիշով խոշոր նվաճում է, սակայն, հասկանալի է, որ ցանկալի կլիներ տաղանդավոր մարզիկին տեսնել օլիմպիական պատվո պատվանդանին։
Մեր գլխավոր հույսերից մեկին հանդիպեցի հրաձգության նորաբաց մարզադպրոցում, Հայաստանի առաջնության ժամանակ, որտեղ նա հերթական անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։
-Անցած օլիմպիադան Ձեզ համար բավական հաջող էր, իսկ ահա Պեկին տանող ճանապարհը շատ ծանր անցաք։
-Չորս տարի առաջ առողջականի հետ կապված խնդիրներ չկային։ Այն ժամանակ ուղղակի փորձի պակասն իրեն զգացնել տվեց։ Հիմա նոր միայն սկսել եմ բուժվել։ Ամեն ինչ դեպի լավն է գնում։ Կարծում եմ՝ մինչև օլիմպիական խաղերը շատ լավ մարզավիճակում կգտնվեմ։
-Հրաձգությունն ու վնասվածքները, թվում է, անհամատեղելի են։
-Իհարկե, ձեր պատկերացրած վնասվածքները մեզ մոտ բացառվում են։ Այստեղ մասնագիտական նրբություններ կան, որոնց ինքս էլ ժամանակին ուշադրություն չեմ դարձրել։ Բանն այն է, որ մշտապես աշխատում եմ աջ ձեռքով, և ձախը դուրս է մնացել ուշադրությունից ու համեմատաբար թույլ է զարգացել։ Նման դեպքերում ինչ-որ բաներ խախտվում են։ Օրգանիզմում ստեղծվում է անհամաչափություն, որն էլ արդեն մի քանի ամիս է աստիճանաբար բուժումների և մարզումների շնորհիվ ուղղում եմ։
-Այս տարի աշխարհի գավաթի փուլերից մեկն անցկացվեց Պեկինում։ Ինչպիսի՞ն էր հրաձգարանից ստացած առաջին տպավորությունը։
-Հրաձգարանը շատ լավն էր, շատ հզոր, գեղեցիկ, հագեցած տեխնիկայի ամենավերջին խոսքով։ Այնպես որ բոլորին էլ շատ դուր եկավ։
-Սովորաբար մեծ մրցումներից առաջ կանխագուշակություններ չեն անում, բայց, այնուամենայնիվ, երկրորդ օլիմպիական փորձը, Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կլինի։ Ձեռքդ չի՞ դողա։
-Հուսով եմ, որ չի դողա։ Դրա համար անում եմ ամեն ինչ։ Իմ կարգախոսն է՝ պայքարել մինչև վերջ։ Հուսով եմ, որ լավ կլինի։ Այս տարիներին բավականին փորձառություն եմ ձեռք բերել։
Զրույցին ներկա էր նաև ՍԵՅՐԱՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԸ։ Սովորաբար ամենադժվարը մարզչի գործն է։ Հաջողության դեպքում գովում են մարզիկին, իսկ անհաջողության դեպքում քննադատում մարզչին։
-Դուք հենց սկզբից եղել եք Նորայրի հետ։ Այս ավելի քան երկու տասնամյակների բարեկամությունն ինչպե՞ս կբնութագրեք։
-Ես շատ եմ հարգում Նորայրին։ Կան մարդիկ, որոնց հետ երկար տարիներ շփվելով` հիասթափվում ես։ Իսկ ահա նրա հետ՝ ոչ։ ՈՒղղակի բացառություն է. ընտանիքի լավ հայր է, լավ ընկեր, ծնողասեր։ Եվ դա միայն իմ կարծիքը չէ։
-Ձեր համատեղ աշխատանքի երջանիկ պահերից որո՞նք կառանձնացնեք։
-Երջանիկ պահերը շատ շուտ են մոռացվում։ Կարող եմ հիշել դժբախտ պահերը։ Շատ անգամ առաջին արդյունքով դուրս է եկել եզրափակիչ, շատ անգամներ էլ նվաճել արծաթե և բրոնզե մեդալներ, որը ծանր ապրումների տեղիք է տվել։ Ճիշտ է, արծաթե, բրոնզե մեդալներն էլ փողոցում թափված չեն, բայց կուզեի, որ վերջապես մեզ ժպտա նաև օլիմպիական «ոսկին»։ Մենք լիովին արժանի ենք դրան։
-Պարոն Նիկողոսյան, ինչպիսի՞ն է մեկ կրակոցի գինը։
-Դուք ժպտում եք, մինչդեռ դա ամենածանր հարցն է։ Մեկ կրակոցը կարող է ձեզանից մեկ կիլոգրամ քաշ խլել, մարզիկը կարող է սրտի կաթված ստանալ կամ ուշաթափվել։ Մի կրակոցը մի մեկնարկ է, իսկ մինչև մրցումների ավարտը պետք է 60 անգամ ձեռքը բարձրացնել, արձանի պես անշարժանալ և վերջապես սեղմել ձգանը։ Շատ ավելի դժվար է եզրափակիչի տասը կրակոցը։ Դրա համար անհրաժեշտ են ուժ, եռանդ, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամք։ Բարսելոնի օլիմպիական խաղերում Չինաստանի ներկայացուցիչը՝ օլիմպիական չեմպիոնը, վերջին կրակոցից հետո ուշաթափվեց, և նրան պատգարակով տարան։
-Դուք այս տարի արտագնա հավաքներ չեք անցկացրել։ Դրա անհրաժեշտությունը չկա՞ր։
-Իհարկե, ոչ։ Հակառակը, շուտով Բելառուսի հավաքականը մեր մարզադպրոցում կնախապատրաստվի օլիմպիական խաղերին, Վրաստանի մարզիկները, որոնց մեջ օլիմպիական չեմպիոն և բրոնզե մեդալակիր Նինո Սուլաքվելիձեն է, այստեղից կմեկնեն Պեկին։ Մեր բազան լավագույններից մեկն է, ինչի համար շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր մեզ նման նվեր մատուցեցին։
-Կարելի՞ է ասել, որ Պեկինն սկսվում է Երևանից։
-Միանգամայն ճիշտ եք։
-Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն կլինեն Նորայրի ելույթները Պեկինում։
-Վստահ եմ, որ մինչև խաղերի մեկնարկը Նորայրը կհասնի իր լավագույն մարզավիճակին։
-Իսկ մեդա՞լ։
-Դրա մասին եկեք չխոսենք։ Մրցումները ցույց կտան։ Իհարկե, շատ հաճելի կլինի, եթե մեր բոլոր մարզիկներն էլ մեդալներով տուն վերադառնան։
Հրաձգությունը միակ մարզաձևն է, որտեղ մարզասերներից պահանջվում է պահպանել լռություն։ Անգամ մարզչին արգելված է մոտենալ սանին, խորհուրդներ տալ։ Արվում է ամեն ինչ, որ մարզիկը մեն-մենակ մնա թիրախի հետ։ Այսպիսին է հրաձգությունը, որն անթիվ հարցականներ ունի և մեկ պատասխան։ Գտա՞ր այն, գնդակը կհայտնվի թիրախի կենտրոնում, հակառակ դեպքում... կմնա լոկ այդ անասելի ծանր լռությունը, որը երբեք չի վերածվի բառերի։ Տա Աստված, որ Պեկինի թեժ ճակատամարտերից հետո Նորայրն անպայման ասելու, պատմելու բան ունենա։ Իսկ առայժմ եկեք պահպանենք... լռություն։ Չէ՞ որ մարզիկը պատրաստվում է իր կյանքի ամենագլխավոր մեկնարկին։
Զրույցը` Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 5931

Մեկնաբանություններ